Խոշտանգում, սպանություն․ Անդրեասյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ խոսել է հայ գերիների մասին

Արդարադատության նախարարն ընդգծել է, որ հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մոնիթորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերը փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, պետք է վճարի 40 000–ական եվրո. ՄԻԵԴ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ դատական համակարգի անկախության ամրապնդմանը, դատական իշխանության բարեվարքության ստուգմանը, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը և այլն։