ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ջերմաստիճանի անկմանն ու ջեռուցման սեզոնի մեկնարկին զուգահեռ Հայաստանում սպառողների շրջանում դարձյալ ակտիվացել են բնական գազի որակի վերաբերյալ դժգոհությունները։ Վերջին օրերին Sputnik Արմենիան սպառողներից բազմաթիվ բողոքներ է ստանում` կապված Երևանի տարածքում մատակարարվող գազի որակի հետ: Քաղաքացիները պնդում են, որ գազի կալորիականությունը ցածր է (թույլ է այրվում ու դժվարությամբ է ջերմացնում), ինչի հետևանքով կերակուր պատրաստելը կամ տունը ջեռուցելը շատ ավելի թանկ է արժենում։
Սպառողներին հուզող հարցերով դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը` ճշտելու, թե երբ են իրականացվել գազի որակի վերջին ստուգումները, և ինչ են ցույց տվել դրանք:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ ՀՀ ներկրված բնական գազի ցուցանիշները մշտապես համապատասխանում են «ԳՕՍՏ 5542-14» ստանդարտով սահմանված որակական հատկանիշներին։
Ընկերությունից պարզաբանեցին, որ ՀՀ ներկրվող բնական գազի որակի համապատասխանելիությունը «ԳՕՍՏ 5542-14» «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությանը վերահսկվում է ՀՀ կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ հաստատված «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգով։
Բնական գազի որակական ցուցանիշները որոշվում են նաև միջպետական ստանդարտին համապատասխան` ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փորձարկման լաբորատորիայում։
Իսկ այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ պաշտոնական կայքում:
«Մինչև յուրաքանչյուր ամսվա 5–ը զանգվածային լրատվության միջոցներով և ընկերության պաշտոնական կայքում հրապարակվում են նախորդ ամսում մատակարարված գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների»,– հայտնեցին «Գազպրոմ Արմենիայից»:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալները վերաբերում են 2021թ. հոկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքներին։ Դրանց համաձայն` գազի ստորին այրման ջերմությունը ամենաբարձրը եղել է Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերում` 8714 կկալ/մ3, ամենացածրը` Արտաշատում, Սյունիքում, Վայոց Ձորում ու Արցախում` 8025 կկալ/մ3։ Իսկ Երևանում այդ ցուցանիշը եղել է 8629, 8478, 8386` կախված թաղամասերից։
Այդուհանդերձ, բոլոր այդ ցուցանիշները համապատասխանում են վերոհիշյալ ստանդարտներով սահմանված որակական հատկանիշներին։