ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել. Երևանը դեմ չէ

Ղրղզստանն առաջարկել էր թվարկել գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հնարավոր դեպքերը, բայց Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը Ղրղզստանի այդ առաջարկը չեն ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ առաջարկված այս փոփոխությանն այսօր ՀՀ կառավարությունը տվել է իր համաձայնությունը` գործադրի հերթական նիստում հավանություն տալով ՀԱՊԿ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկին։
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են
Նշենք, որ արձանագրության նախագիծը ներկա պահին ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում է։
Ղրղզական կողմը առաջարկել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման դրույթից բացի կանոնադրության մեջ ներառվեն նաև այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել նման հետևանքի։ Բայց Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը Ղրղզստանի այդ առաջարկը չեն ընդունել այն պատճառով, որ դժվար է կանխատեսել և ամրագրել այն բոլոր դեպքերն ու հանգամանքները, որոնց առկայության պարագայում Արտաքին գործերի նախարարների խորհուրդը Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին առաջարկությունը:
Բացի այդ, սպառիչ ցանկ նախատեսելու պարագայում հետագայում կարող են ի հայտ գալ չնախատեսված այլ դեպքեր, ու արդյունքում կարիք կլինի կրկին փոփոխել կանոնադրությունը` արդեն ամրագրված ցանկում ավելացնելով նոր հիմքեր։
ՀԱՊԿ հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում
ՀԱՊԿ կանոնադրության մեկ այլ կետով էլ առաջարկվում է կազմակերպության համագործակցության ոլորտների շարքում ավելացնել նաև կենսաբանական անվտանգության ոլորտը։ Այս առաջարկին ևս ՀՀ կառավարությունը տվել է իր համաձայնությունը։
ՀԱՊԿ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, որից հետո հայկական կողմը կստորագրի միջազգային համապատասխան փաստաթուղթը։
Նշենք, որ գործող կարգավորումներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ կարող է ազատվել այդ պաշտոնից միայն տվյալ երկրի կողմից հետկանչի տարբերակով, որի համաձայնությունը պետք է տա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը։
ՔԾ–ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության հարցերով նիստին
Հիշեցնենք, որ հենց այդ ընթացակարգով 2018թ–ի նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց Յուրի Խաչատուրովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից: Այդ ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու ընթացակարգ ընդհանրապես նախատեսված չէր։