ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Նման հայտարարություն այսօր կառավարության նիստում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները։
«Ամենահաճախ ստացվող ահազանգը բիզնեսից աշխատուժի խնդիրն է` սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով։ Ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք, և այս հարցը պետք է մեր աչքի առաջ ունենանք ու զբաղվենք դրա լուծմամբ»,– ասաց Փաշինյանը։
Ծրագրերի շարքում վարչապետը կարևորեց նաև հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների շինարարության խնդիրը, որոնք հեռավորության ու անմատչելիության պատճառով գրեթե չեն օգտագործվում։
«Հայաստանի արոտավայրերի գերակշիռ մասը` մոտ 70-80 տոկոսը, չի օգտագործվում։ Հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը Հայաստանում գործազրկության մակարդակը 10 տոկոսից ցածր դարձնել։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը նախատեսվում է ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը դարձնել 500 մլրդ դրամ։ Այսինքն` ստեղծել շուրջ 16 000 աշխատատեղ ` 5 տարում։ Մինչև 2026թ–ը նախատեսվում է նաև կառուցել կամ նորոգել շուրջ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, ինչը կառավարության մեկնաբանմամբ, ևս կնպաստի շինարարության ոլորտում աշխատատեղերի ավելացմանն ու զբաղվածության խթանմանը։