ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն առաջիկայում կարտահանվի։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե- 2022–ի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ մենք արդեն ունենք վերջնական արտադրված ու հաստատված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ Հայաստանում, ու հիմա քննարկում ենք այդ պատվաստանյութի արտահանման ու Հայաստանում օգտագործման ֆինանսական պայմանները»,– ասաց նա։
Հիշեցնենք` «Սպուտնիկ Լայթի» արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար։
2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։