Գյումրու բանալին ի պահ տրվեց նորընտիր քաղաքապետին. Վարդգես Սամսոնյանը երդվեց

Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը
Գյումրու նոր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդվեց նորընտիր ավագանու ու հյուրերի ներկայությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության առաջնորդ Վարդգես Սամսոնյանն այսօր պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:
Նա ձեռքը դրեց Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա և երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը:
Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը
«Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները,ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-իր երդման խոսքում նշեց Սամսոնյանը: Քաղաքապետի երդման տեքստն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին:
Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը
Սամսոնյանին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրու զինանշանը պատկերող լանջաշղթան:
Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը
Երդմնակալության արարողությունից հետո Սամսոնյանը լրագրողներին ասաց, որ աշխատելու է բոլոր կարող ուժերի հետ՝ հաշվի չառնելով քաղաքական դիրքորոշումը:
«Օր առաջ պետք է քաղաքի խնդիրները լուծենք՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Դիմություն կամ ընդդիմություն մեզ համար չի լինի, եթե մարդը կարող է քաղաքին բարօրություն բերել ու քաղաքին օգտակար լինել, այդ օգտակարությունը մենք ի շահ քաղաքի կօգտագործենք»,-ասաց նա։
Անդրադառնալով կրճատումների թեմային՝ Սամսոնյանը տեղեկացրեց՝ բոլոր այն աշխատակիցները, որոնք ազատվել են աշխատանքից, կվերադառնան։ Նշենք, որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանը որոշ աշխատակիցների ազատել էր աշխատանքից, ինչը քաղաքապետարանում դժգոհության ալիք է առաջացրել:

«Իրենք բարեխիղճ աշխատողներ են եղել, պարտականությունները գերազանց կատարել են, բնականաբար հետ են գալու ու շարունակելու են իրենց աշխատանքը»,– վստահեցրեց քաղաքապետը և ավելացրեց, որ փոխքաղաքապետների հարցը դեռ չի քննարկվել։

Սամսոնյանը միասնության կոչ արեց ավագանու բոլոր անդամներին։ «Եթե ուզում են, որ Գյումրին մեր երազած քաղաքը դառնա, ապա պետք է փառասիրությունն ու քաղաքական մոտեցումները մի կողքի դնեն, ու միասին համատեղ աշխատենք»,– շեշտեց նա:
Քաղաքապետի խոսքով` իրականացվելիք ծրագրերում առաջնահերթությունը կտրվի փողոցաշինությանը. «Փորձենք արագ լուծել փողոցաշինության պատճառով ստեղծված անհարմարությունները ու խելամիտ ժամկետներում, հնարավորության սահմաններում, այս աշխատանքներն ավարտենք, որ անցնենք մյուսներին»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինքը՝ 9637 քվե (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 քվե (29,56 %), «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 քվե (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 քվե (5,65%), Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 քվե (5,06%):
Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։
Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։