ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոնում` Ալեք Մանուկյան 11 հասցեում, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց կկառուցվի։
Որոշումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։ Այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերվել նշված հասցեում գտնվող 0.47 հեկտար մակերեսով հողամասը։
Փոխարենը ֆեդերացիան ծրագիր է ներկայացրել, որի համաձայն` առաջիկա 10 տարվա ընթացքում իրականացվելու է 760 000 եվրոյի ներդրում, որից 160 000–ը` ՀՖՖ միջոցներից, 600 000–ը՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Խաղադաշտի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ. ընթացքում:
Հոկտեմբերի 22-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել էին խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները: Նույն օրը ՀՖՖ–ն հայտարարել էր նաև նույն տարածքում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց հիմնադրելու ծրագրի մասին:
Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ։1975 թվականի մարտի 19-ին առաջին անգամ «Արարատի» կազմում դուրս գալով խաղադաշտ Մյունխենի «Բավարիայի» հետ մրցավեճում` նա աստիճանաբար դարձավ Հայաստանի լավագույն թիմի ավագն ու առաջատարը:
Շատ երկար կարելի է թվարկել, թե հանդես գալով «Արարատի» կազմում` ինչ արդյունքների է հասել լեգենդար ֆուտբոլիստը նախկին ԽՍՀՄ առաջնություններում` 305 խաղ, 93 գոլ: ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 37 խաղ ու դարձել ութ գոլի հեղինակ, իսկ 1980 թվականին` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (1976թ):
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Խորեն Հովհաննիսյանը մի շարք ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ: 1996-97թթ եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: