ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի, իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները ԱԺ–ում
Համազեկուցողների հետ քննարկվել են ընտրական օրենսգրքի փոփոխությունները, արցախյան պատերազմին ու հետպատերազմական իրավիճակին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն ու Բորիանա Աբերգն այսօր մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում։ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը:
Խորհրդարանի նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակելու է շարժվել ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգով:
Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր․ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Աթենքում
«Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ: Անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական ձևաչափի ներկա վիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Համազեկուցողներին հյուրընկալել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին։ Նա նշել է` անհրաժեշտ է միջազգային հարթակներում բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու իրավունքի դեմ:
Համազեկուցող Կիմո Կիլյունենի խոսքով՝ երբ Հայաստանը և Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում: Նշել են, որ մտահոգված են պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով։
Հանդիպման ընթացքում պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ դա դիտարկելով որպես պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Նա անընդունելի է համարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անմիջապես ընտրությունների նախաշեմին:
Համազեկուցողները կարևորել են համագործակցությունը և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական ուժերի հետ: Նրանք հանդիպում են ունեցել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ։
Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ միջազգային իրավաբանները հանդես են եկել ՄԱԿ-ի դատարանում
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարևորագույն առաջնահերթություններից է:
Պատգամավորներն անդրադարձել են ընտրական բարեփոխումներին, անկախ դատական համակարգի կայացման հարցին և այլն։