Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ

Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Ուրախ լուրը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր երկրի համար սա կարևոր լուր է․ Հայաստանը վերջապես Աշխարհի առաջնության եզրափակչում մասնակից ունի գերծանր քաշային կարգում 12 տարվա ընդմիջումից հետո։
Նշենք, որ եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։
Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար այսօր պայքարելու է նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի բողոքարկումից հետո Բաչկովին հաղթանակ է շնորհվել
Հիշեցնենք՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված է 11 մարզիկով։
ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։
ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար: