ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Աղբամուղների փակումից հետո Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչների համար աղբահանության վճարը որևէ կերպ չի փոխվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Այսօրվա դրությամբ, նրա խոսքով, մայրաքաղաքի բազմահարկ շենքերում արդեն 2800 աղբատար է զոդվել (մոտավորապես յուրաքանչյուր չորսից երեքը)։ Ընդ որում` դա պարտադիր ծրագիր չէ, այլ ավելի շուտ քաղաքապետարանի նախաձեռնությունն է։
«Մենք այս աշխատանքում ներգրավում ենք համատիրություններին, օգնում ենք նրանց և բացատրական աշխատանքներ ենք տանում բնակիչների հետ»,-ավելացրեց նա։
Աղբամուղն ու հորանը լիովին ախտահանվում են, այնուհետև՝ զոդվում։ Դրանից հետո բնակիչները սկսում են աղբը դուրս տանել ճիշտ այնպես, ինչպես «ստալինկա» և «խրուշչովկա» շենքերի բնակիչներն են անում, որտեղ երբեք աղբամուղներ չեն եղել։
Ընդ որում` բնակիչները ստիպված չեն լինի վճարել այդ բոլոր աշխատանքների համար, իսկ աղբի վարձը նույնը կմնա։ Երևանի քաղաքապետարանը աղբամաններ կտեղադրի և ճիշտ ժամանակին կիրականացնի աղբահանությունը (հաշվի առնելով, որ բարձրահարկ շենքերի մոտ տեղադրված աղբարկղերն ավելի հաճախ է պետք դատարկել)։
Կարելի էր միանգամից աղբի տեսակավորման աղբարկղեր տեղադրել (պլաստիկի, ապակու և ստվարաթղթի համար), բայց, ցավոք, բնակիչների մեծ մասը դեռևս ծուլանում են տեսակավորել աղբը։ Այնտեղ, որտեղ այդպիսի աղբարկղեր արդեն տեղադրված են, ընդհանուր աղբ են թափում, լավագույն դեպքում՝ պլաստիկը, ապակին և թուղթը ոչ թե առանձին են դնում, այլ մեկ ընդհանուր տոպրակով նետում են երեք արկղերից մեկը։ Ուստի քաղաքապետարանը այս հարցում էլ պետք է բացատրական աշխատանք տանի քաղաքացիների հետ։
«Պետք չէ վատի վրա կենտրոնանալ․ քիչ չեն քաղաքացիները, որոնք պատրաստ են տեսակավորել աղբը և գիտակցում են, թե ինչի համար է դա պետք»,-ավելացրեց Կարոյանը։
Ինչ վերաբերում է սովորական աղբարկղերին, ապա այստեղ երևում է բնակիչների միասնականության բացակայությունը․ վերևի հարկում բնակվողներին բացարձակ չի հետաքրքրում աղբամուղից եկող գարշահոտը, իսկ ներքևի հարկերում ապրողները չեն էլ ուզում իմանալ, որ տանիքը կաթում է կամ վերելակը չի աշխատում։ Իսկ հետո սկսվում են փոխադարձ մեղադրանքները («բա դու նախորդ անգա՜մ, հիշո՞ւմ ես»)։
Աշխատանքի բերումով կոմունալ վարչության աշխատակիցները գրեթե ամեն օր բախվում են նման խոսակցությունների։ Պատահում են անգամ «էքստրեմալ» դեպքեր․ վերջերս քաղաքապետարանի աշխատակիցները բարձրահարկերով շրջելիս սանդղահարթակում մի կնոջ են հանդիպել, որը ճաշի կաթսայով խփում էր աղբամուղին՝ դատարկելով ճաշի մնացորդները։ Հարցին, թե արդյոք նորից է ճաշ եփելու այդ կաթսայում, պատասխանել է․ «ուղղակի մի հինգ անգամ կլվանամ, ինչ կա որ»։ Եվ ավելացրել․ «Իսկ դուք ո՞վ եք, որ ինձ ուղղություն ցույց տաք»։
Մի շարք դեպքերում աղբամուղի մեջ խոշոր առարկաներ են նետում, դրանք խցանում են առաջացնում, և առնետները դուրս են գալիս սանդղահարթակ։ Դեպքեր են եղել, երբ նույնիսկ վերևի հարկերում դրանք բնակարաններ են մտել և բնակիչները ստիպված են եղել «ակտիվ հանգստյան օրեր» անցկացնել՝ առնետներին հանելով։
Բազմահարկ շենքերում սանիտարական խնդիրը սուր էր դեռ հինգ-վեց տարի առաջ։ Բայց նախորդ տարի, երբ ինքնամեկուսացած բնակիչներից ոմանք սկսեցին աղբը դռան մոտ թողնել, երբեմն էլ նույնիսկ պատուհանից դուրս նետել, խնդիրն իսկական ճգնաժամի վերածվեց։ Բացի այդ, նախորդ տարի նվազել էր շենքերի սպասարկման վճարների հավաքագրումը, ինչի հետևանքով համատիրությունները միջոցներ չէին ունեցել դեռատիզացիայի (կրծողների դեմ թույն շաղ տալու) համար։
Իրավիճակը կրիտիկական կետին էր հասել, ուստի մենք սկսեցինք բացատրական աշխատանք տանել համատիրությունների և բնակիչների հետ։ Ի դեպ, շատերը կան, որ սկզբում դժգոհ էին, բայց հիմա շնորհակալություն են հայտնում մեզ և իրենց շենքի կառավարիչներին»,-նշում է Կարոյանը։
Հիշեցնենք, որ աղբամուղների փակման նախաձեռնության մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։