ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությունը 30 տոկոսանոց աճ կգրանցի։ Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կան Համաշխարհային բանկի մի քիչ հին հետազոտություններ այն մասին, որ շրջափակման վերացումը Հայաստանին 30 տոկոս տնտեսական աճ կբերի շատ կարճ ժամանակում»,– ասաց Քերոբյանը։
Ավելի թարմ հետազոտություն իրականացնելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարություն է տվել էկոնոմիկայի ինստիտուտին։ Ընդ որում, նրա խոսքով, ուսումնասիրվելու է ոչ միայն այն, թե ինչ կտա ապաշրջափակումը Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։
«Քանի որ բանակցային գործընթացում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ կտա դա մեզ, այլև այն, թե ինչ կտա դա Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին ու այլ երկրներին, որպեսզի մեր բանակցային դիրքորոշումը ճիշտ կառուցենք»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։