ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանային համագործակցության բոլոր առաջարկները դիտարկվում են, սակայն որևէ որոշման մասին վաղ է խոսել։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը՝ խոսելով «3+3» ձևաչափի մասին։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության մեջ ընթանում են տարածաշրջանացման գործընթացներ։ Այսինքն՝ եթե ժամանակին գլոբալ խաղացողների հետ Հայաստանը կարող էր ապահովել իր անվտանգությունը, ապա հիմա ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողները, և եռաստիճան համակարգ է դառնում։
«Այս առումով կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, և «3+3»-ը դրանցից մեկն է։ Բոլոր պարագաներում մեզ համար առաջնայինը ՀՀ շահերի պաշտպանությունն է։ Հարցն այն է, որ տարածաշրջանային համագործակցության առաջարկները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, և մեզ համար կարևոր է, որ չկրկնօրինակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մարմնի ձևաչափը»,-ասաց փոխնախարարը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։
Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։
Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։