ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների առաջարկած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծման գաղափարին: Խոսքը վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ու նրանց հարևաններին` Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա։
«Կարծում ենք` ժամանակն է, որ այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխվեն։ Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այդ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերին», - նշել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ «3+3»-ի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ներուժի բացահայտմանը: Ձևաչափն ընդհանուր առմամբ կարող է ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում առաջարկել։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի գործընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։
Լավրովը նշել էր, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նա հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրվածություն կդրսևորի խորհրդակցությունների նման մեխանիզմ ստեղծելու և Անդրկովկասի զարգացմանն ուղղված որոշումները համաձայնեցնելու հարցում։
Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ–ն հերքեց տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին իբր հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափի բանակցություններին վրացական կողմի մասնակցության պատրաստակամությունը։