Զանգեզուրի կոմբինատի տնօրենի պաշտոնում քննարկվում է Ավինյանի թեկնածությունը. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Ավինյանն իրենց քաղաքական թիմի անդամն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը քննարկվում է։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,–ասաց Հարությունյանը։

Նա հավելեց, որ Ավինյանը շարունակում է մնալ ՔՊ վարչության անդամ, և նա ներգրավված է եղել վերջին քաղաքական գործընթացներում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդն» այսօր գրել էր` իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումն իրեն կվստահվի:
ՌԱԴԻՈ
Անհասկանալի և մութ գործարք. ինչո՞ւ է «Զանգեզուր մայնինգը» դատի տվել վարչապետի աշխատակազմին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։