ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Եթե խելացի անասնագոմ ստեղծող 15-16 տարեկան երեխաները սովորեն ևս տաս տարի, կունենանք բոլորովին այլ գյուղատնտեսություն։ Հավանաբար, այս մասին է մտածում «ԴիջիԹեք» ցուցահանդես այցելած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերևի լուսանկարում։
Խելացի ինկուբատոր
«Մեր սենսորներն էնքան ուշ հասան, որ ընդամենը մի շաբաթում ենք այս ինկուբատորը հավաքել։ Դրա համար ճուտ դեռ չկա» , – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «ԴիջիԹեք» ցուցահանդեսին մասնակցող դպրոցական Ջուլիետան` Գավառի տարածաշրջանի Նորատուս գյուղից։
Գյուղի դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում նա և իր դասընկերները հավաքել են ինկուբատոր` ջերմաստիճանի ու խոնավության ծրագրավորված տվիչներով։ Երբ խոնավությունը հասնում է բավարար մակարդակի, տվիչն ազդանշան է տալիս, և ինկուբատորում տեղադրված ջրի ցողման համակարգն անջատվում է։
«Խելացի» ինկուբատորը
© Sputnik / Asatur Yesayants
Կառավարման համակարգն աշակերտները ծրագրավորել են փոքրածավալ պրոցեսորային բլոկի վրա։ «Ներսը պենոպլաստից էինք ուզում սարքել, որ ավելի տաք լինի, ուղղակի խոհանոցի պահարանից դարակ վերցրեցինք, որ ավելի սիրուն լինի», – ժպտալով պատմում է խմբակի դասընթացավար Սյուզի Գրիգորյանը։
Դասընթացավար Սյուզի Գրիգորյանը
© Sputnik / Asatur Yesayants
Երևանից գնալուց հետո մնում է ինկուբատորը ջերմամեկուսացնել, իսկ երեք շաբաթ անց` ճտերը հաշվել։
Վարդենուտում վերջապես վարդեր կլինեն
Վարդենուտ գյուղում վարդի դաշտեր չկան (գյուղն Ապարանի տարածաշրջանում է), բայց ծաղկի ջերմոցների տեխնոլոգիա արդեն կա։ Ջերմոցի մակետում երեխաները ևս հավաքել են ջերմաստիճանի ու խոնավության տվիչների համակարգ` այն տարբերությամբ, որ չափվում է ոչ միայն օդի, այլև հողի խոնավությունը։
Տեղադրված է նաև ոռոգման համակարգ` հեռակառավարվող փականներով, ինչպես նաև` հովացման համակարգ, որը միանում է, եթե ջերմաստիճանը շատ է բարձրանում։ Այս ամենը ծրագրավորված է Raspberry Pi պրոցեսորային բլոկի վրա` Python լեզվով (սա «Արմաթում» դասավանդվող ծրագրավորման հիմնական լեզուներից է)։
Ջերմոցների տեխնոլոգիան մշակած դպրոցականները
© Sputnik / Asatur Yesayants
«Կազմել ենք նաև դեսկթոպ ու մոբայլ հավելված, որով համակարգը կառավարվում է», – նշում է արմթացի Արամը, – Բացի այդ, ծրագրի համար գտել ենք խոսքի ճանաչման համակարգ, որը ներբեռնել ենք։ Առայժմ անգլերենով է աշխատում, բայց ձայնով արդեն կարելի է հրահանգներ տալ, կամ, օրինակ, երգ միացնել, որ աշխատանքն ավելի ուրախ անցնի»։
Այս համակարգը խմբակը փորձարկելու է Երևանից ոչ հեռու գտնվող Քասախ գյուղում, որտեղ նրանց ծնողների ծանոթները ծաղկի ջերմոց ունեն։ Սա դեռ ամենը չէ. հենց ցուցահանդեսում նրանց է մոտեցել Արարատի մարզից մի ֆերմեր և առաջարկել նման մի բան պատրաստել լորերի իր ֆերմայի համար։
«Ուղղակի հողի տվիչներ պետք չեն լինի, մնացած համակարգը գործնականում նույնն է», – ասում է խմբակի դասընթացավար Արմեն Գասպարյանը։
Խելացի անասնագոմ
Խելացի անասնագոմի մակետն էլ ստեղծել են գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի «Արմաթի» սաները։ Այնտեղ տեղադրել են լույսի տվիչ (որը շատերիս հայտնի է շենքերի շքամուտքերից), ինչպես նաև ջեռուցման ու օդափոխության համակարգեր ու խոնավության և ջերմաստիճանի տվիչներ, այն տարբերությամբ, որ խոնավությունը չափվում է կովերի համար առողջ միջավայր պահպանելու համար։ Դրանից բացի նախատեսվել է գոմաղբը մաքրող հեռակառավարվող մեքենա։ Մակետի կառավարումը նախագծվել է Arduino պրոցեսորային բլոկի հիմքով։
Խելացի անասնագոմ
© Sputnik / Asatur Yesayants
«Գոմի հատակը թեքությամբ ենք սարքել, որ թափվի ներքև, հետո էլ մեքենան մաքրի», –բացատրում է 11-րդ դասարանցի Աշոտը։
Կովերի խմոցները ևս ավտոմատացված են` մեխանիկական վակուումային համակարգով (կենցաղային լեզվով ասած` «բաչոկով ու պապկլավոկով»), որը քաղաքաբնակները ճանաչում են սանհանգույցներից, իսկ գյուղացիները` նաև իրենց աշխատանքից (այդպես են հիմնականում կահավորում ճագարաբուծարանների խմոցները)։
Խելացի անասնագոմ ստեղծած աշակերտները
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք` Գավառը անասնապահական տարածաշրջան է, բայց այնտեղ խելացի անասնագոմ դեռ չկա։ «Հենց դրա համար էլ սովորում ենք, որ լինի», – ասում է Աշոտը։
Եվ անգամ` «խելացի» դպրոցի դուռ
Կոտայքի մարզի Մեղրաձորի խմբակում էլ որոշել են սարքել «խելացի» դպրոցի դուռ։ Որպեսզի դռնապանը ստիպված չլինի իր նյարդերը փչացնել դասից փախչող երեխաների վրա, աշակերտները պատրաստել են նախագիծ` էլեկտրոնային կողպեքով ու nfc քարտերով (որոնք օգտագործվում են, օրինակ, հյուրանոցներում)։ Համակարգը փորձարկելու համար արմթացիներն այն տեղադրել են փոքրիկ փայտյա տնակի վրա։
Ըստ նախագծի, մանկավարժները, աշակերտներն ու ծնողները պիտի ունենան անհատական քարտեր։ Երբ այն հպեն կողպեքին, տնօրենը կարող է տեսնել, թե երբ են մուտք գործել, կամ տվյալ պահին քանի ներկա ու բացակա կա։
«Ճիշտն ասած` չէի ուզի, որ այս նախագիծը դպրոցներում լայնորեն գործարկվեր։ Սա ավելի շատ փորձ հավաքելու համար է», – ասում է խմբակի և «Իրական դպրոցի» դասընթացավար Սամվել Հարությունյանը։
Նշենք, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսում ներկայացված էին նաև այս տարի բացված «Արմաթն օդում» խմբակի անօդաչու սարքերը, իսկ «Ինստիգեյթ» ընկերության հիմնադրած «Իրական դպրոցի» սաներն ընկերության մասնագետներին օգնել էին ստեղծել նոր ռազմական սիմուլյատոր։
«ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), որը նաև համակարգում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի «Արմաթների» աշխատանքը։