ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի- Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել և հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը: Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում և մասամբ` Տաթևում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար»,–գրում է թերթը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, և նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։
«Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որևէ հարց լուծելու»,–գրում է «Հրապարակը»։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել հոկտեմբերի 17-ին։
Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: