Իրադարձություններն ինչպես էլ զարգանան Սիրիայում, Ռուսաստանը հայտնվելու է էպիկենտրոնում, քանի որ ՌԴ–ի ու Սիրիայի միջև ռազմական բնագավառում կնքված վերջին պայմանագրերի համաձայն` Ռուսաստանն իր օդուժով աջակցելու է արաբական երկրի զինուժին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Մամուլում շրջանառվող և «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվության համար օդային հարձակման հիմնական քաղաքը լինելու է Ռաքքան, որն այս պահին գտնվում է քրդական ուժերի, մասնավորապես «Ժողովրդավարական ուժերի դաշինք» կոչվող կազմակերպության հսկողության տակ, որն իր հերթին գտնվում է ամերիկյան պատասխանատվության գոտում»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` առաջին հայացքից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Իրանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը չի խախտում, ուստի այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն է իրականացնելու ամերիկյան պատասխանատվության գոտում, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ շուրջ մեկ տարի է, ինչ Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ վճռական են իրենց ամբողջական սուվերենությունը վերականգնելու հարցում, չեն հանդուրժելու թուրքական և առհասարակ օտարերկրյա այն ուժերի ներկայությունը, որոնք Սիրիայում գտնվում են առանց կառավարության հրավերի։
«Հետաքրքիր են նաև թուրքական փորձագիտական դաշտի հայտարարություններն առ այն, որ մի քանի օր առաջ թուրքերը նշում էին Գլազգոյում կայացած Էրդողան–Բայդեն հանդիպման մասին, սակայն Էրդողանը չմասնակցեց Մեծ քսանյակի գագաթաժողովին`վկայակոչելով այն իրողությունը, որ վերջնական փաստաթղթում կան իրենց մտահոգող որոշ կետեր։ Բայց կարծում եմ, որ այստեղ կա այլ հանգամանք, վերջին շրջանում դժվարացել են Էրդողանի շփումներն ԱՄՆ նախագահի հետ, որովհետև որքան Թուրքիան ձգտում է ինքնուրույն քաղաքականություն վարել տարածաշրջանում, այնքան ավելի է կարծրանում Միացյալ Նահանգների վերաբերմունքն Անկարայի նկատմամբ»,– նշեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև այն առումով, որ վերջին մեկ շաբաթում ամերիկյան օդուժը կամուրջ է հաստատել քրդերի հետ և օդային ճանապարհով ռազմական նշանակության բեռներ է հասցնում նրանց Ռաքքայի տարածաշրջանի պաշտպանության նպատակով, ուստի չի բացառվում, որ Սիրիայում կարող է պատերազմ սկսվել բոլորը բոլորի դեմ տարբերակով։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում վեցժամյա բանակցություններից հետո պայմանավորվել են սիրիա-թուրքական սահմանի շրջանում ռուսական ռազմական ոստիկանության ու սիրիացի զինծառայողներ տեղակայելու մասին:
Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրադրության կայունացման մասին: