ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացումը կխթան կհանդիսանա Հայաստան–Իրան տնտեսական համագործակցության զարգացման համար: «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն, կունենան բարեհաջող ընթացք և հնարավորություն կստեղծեն վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար»,– նշել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմականորեն ձևավորված փոխվստահության վրա։
Ներկա փուլում, նախարարի խոսքով, կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում շահավետ համագործակցությունը։