Նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր պարտություն. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում

Ընդդիմության տեղեկություններով` նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին, ժամը 18։00-ին հանրահավաք է կազմակերպում Երևանի Ազատության հրապարակում։
Տեղեկությունը Facebook-ում հայտնել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հրապարակելով դաշինքի տարածած հաղորդագրությունը։

«Հիմա մեզ կրկին խաղաղություն են խոստանում՝ «խաղաղության դարաշրջանի» տեսքով։ Սա նշանակում է նոր զիջումներ, նոր խայտառակություն, նոր նվաստացում, նոր պարտություն, ինչը թույլ տալ չի կարելի։ «Պարտության» կուսակցությունը չի՛ կարող խաղաղություն ու զարգացում բերել։ Պարտության խորհրդանիշը չի՛ կարող արժանապատվորեն ներկայացնել մեր երկրի շահերը։ Հանուն սեփական շահի ու աթոռի հազարավոր մարդկանց մահվան տարած մարդը չի՛ կարող մեր պետությունը ղեկավարել»,– ասված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր քաղաքական ուժը հայտարարում է, որ անհրաժեշտ է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության` արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ու երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումը թույլ կտա խնդիրների համալիր լուծում գտնել. Զախարովա
Հիշեցնենք` ընդդիմության տեղեկություններով` նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին նշել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ասել էր, որ տեղեկություն չունի` նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։