Lancet ամսագիրը հրապարակել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հետազոտության արդյունքները

Կենտրոնի մասնագետներն իրականացրել են կլինիկական փորձարկումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բժշկական The Lancet ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսի դեմ Գամալեայի անվան կենտրոնի մշակած միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության արդյունքները։
Կենտրոնի մասնագետներն իրականացրել են կլինիկական փորձարկումների 1-ին և 2–րդ փուլերը։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը, որը հանդես է եկել որպես հովանավոր, հատվածներ է ներկայացրել աշխատանքից։
Հայաստանը Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ է գնել
«Դեղամիջոցն ուժեղ հումորալ և բջջային իմունային պատասխան է ձևավորում ինչպես կորոնավիրուսի հետ չբախված անձանց, այնպես էլ արդեն իսկ կորոնավիրուս տարած մարդկանց մոտ», – ասվում է աշխատության մեջ։
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտնում է, որ փորձի մասնակիցների մեծ մասի մոտ կողմնակի ազդեցությունները մեղմ կամ միջին են եղել, գիտնականները անցանկալի լուրջ երևույթներ չեն արձանագրել։
Նոյեմբերի 6-ը Վանաձորում պատվաստումների օր է հայտարարվել
Ուսումնասիրություններին մասնակցել է 18-59 տարեկան 110 կամավոր, որոնցից 13-ի մոտ դեռ փորձերից առաջ SARS-CoV-2–ի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերել։ Մասնագետները նրանց հետազոտություններն ուսումնասիրել են պատվաստվելուց 42 օր անց։
Ավելի վաղ ամսագիրը բարձր գնահատական էր տրել «Սպուտնիկ V» պատվաստանյութին, հոդվածում նշվում էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ոչ միայն արդյունավետ է հիվանդության դեմ պայքարում, այլև անվտանգ կիրառման համար։