ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Հայաստանում հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը»,–ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ շուտով 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում, և դրա կապակցությամբ նաև այդ ընթացքում արված աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը կարևոր է:
Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ասել է, որ Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն շարունակում են պահպանել։
«Միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»,–ասել է Հարությունյանը։
Անդրադառնալով Արցախում ընթացող աշխատանքներին` նա նշել է, որ լայնածավալ շինարարության արդյունքում առաջին պտուղներն են քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնեն շահագործման:
Ըստ Հարությունյանի` հազարավոր բնակարանների հիմքեր են դրվել արդեն իսկ, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան պատրաստ կլինի: Նա հավելել է, որ կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, ամբողջությամբ կլուծեն բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները: