Իշխանությունն Ավինյանի առաջ պայման է դրել. հաջողության գինը Զանգեզուրի կոմբինատն է

Մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իշխանությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարումն իրեն կվստահվի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Նշվում է, որ նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանևրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել։
Ինչպես հայտնի է` Մեղրիում, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններին ամենաշատ՝ 6 քվե է ստացել, բայց դա բավարար չէ, որ կարողանա ինքն իրենով համայնքապետ ընտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրան Ավինյանը փորձում է եղանակ փոխել` Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետևաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն:

Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որևէ առաջարկ չեն ընդունի:
Այդ ամենի հետևանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու:
Սյունիքի մարզպետին «կարմիր քարտ» են ցույց տվել. ինչի՞ց է դժգոհ վարչապետը
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել հոկտեմբերի 17-ին։
Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: