ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով`քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է։
Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թ. փետրվարի 20-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան։ Ավարտել է նաև Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան։
Աշխատել է կառավարական և կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում (Ժնև), ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:
Արժանացել է մի շարք գերատեսչական պարգևների և պատվոգրերի: Արտերկրում մասնակցել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Այժմ «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է:
Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ Ցուցակում հաջորդը, որը պիտի վերցներ պատգամավորի թափուր մանդատը, Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններում վերընտրված Առուշ Առուշանյանն էր, որն այժմ կալանավորված է։