ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքներից մեկը կարող է լինել ներքին ականջի խանգարումներն ու լսողության հետ կապված խնդիրները: Տեղեկությունը հայտնել է Մասաչուսեթսի գիտնականների խումբը։
Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են COVID-19-ի ազդեցությունը մարդու ներքին ականջի բջիջների վրա ու պարզել, որ վարակը ազդում է, այսպես կոչված, մազային բջիջների վրա, որոնք պատասխանատու են ինչպես լսողության, այնպես էլ շարժումների համակարգման համար:
Մասնագետները հազվագյուտ հյուսվածքների օգտագործմամբ վերարտադրել են ներքին ականջի մոդելը։ Բացի այդ, նրանք հետևել են COVID-19-ով տասը հիվանդների խմբին։ Նրանցից ինը բողոքել են ականջում լսվող աղմուկից, վեցը՝ գլխապտույտից: Ընդ որում՝ բոլոր հիվանդների մոտ նկատվել է լսողության թեթև կամ լուրջ կորուստ։
Այժմ հետազոտողներն ուզում են օգտագործել մարդկային բջջային մոդելները՝ կորոնավիրուսից և այլ վիրուսներից առաջացած ներքին ականջի վարակների բուժման տարբերակներ փորձարկելու համար։