Պատգամավորները 2020թ.-ի փետրվարից ի վեր պարգևավճար չեն ստանում. Գևորգ Պապոյան

Ազգային ժողովի տեխնիկական անձնակազմը շարունակում է պարգևավճարներ ստանալ, իսկ պատգամավորները 2020թ.-ի սկզբից ի վեր հրաժարվել են դրանցից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները 2020թ.-ի փետրվարից ի վեր փաստացի պարգևավճարներ (աշխատավարձի 30%-ը) չեն ստանում։ Այս մասին խորհրդարանում 2022 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից իր գործընկեր Աղվան Վարդանյանի հարցին։
Զարմանո՞ւմ եք, որ արևը դուրս է գալիս և մայր է մտնում. Դումանյանը` պարգևավճարների մասին
«Խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների համար նախատեսված են պարգևավճարներ՝ նրանց ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով. վարորդները, հանձնաժողովների փորձագետները, պատգամավորների օգնականները, տեխնիկական անձնակազմը կստանան դրանք, սակայն պատգամավորները, ինչպես և առաջ, չեն ստանա»,-հավելել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ այս տարի ԱԺ-ն խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ ավելացրել է ծառայողական ծախսերի համար պատգամավորների հավելավճարները՝ 50 հազարից դարձնելով 250 հազար դրամ: Ընդ որում, պատգամավորը պարտավոր չէ հայտնել, թե արդյոք այդ միջոցներն ըստ նշանակության է օգտագործել, և պարտավոր չէ վերադարձնել չօգտագործված գումարը։
Պարգևավճարների հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմում է Սահմանադրական դատարան
Ավելի վաղ Արարատ Միրզոյանը, որն այն ժամանակ ԱԺ խոսնակի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել էր, որ 2021թ.-ի առաջին կիսամյակում պատգամավորները որոշել են հրաժարվել պարգևավճարներից: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները միջոցները փոխանցում են վիրավոր զինծառայողների վերականգնողական բարեգործական հիմնադրամին: