Երևանում նոր կառուցվող ՔԿՀ–ն անհարմար կլինի «հեղինակությունների» համար. Անդրեասյան

2022 թվականի հունվարի 1-ից «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն, դրա հետ մեկտեղ Երևանում կսկսեն նոր ՔԿՀ կառուցել ՝ հսկողության ժամանակակից համակարգերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանում նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը կսկսվի 2022 թվականին։ Նման հայտարարություն է արել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ 12 քրեակատարողական հիմնարկ կա, որոնցից երկուսը հիմա փակում են՝ «Կոշը» և «Հրազդանը»։ Դրա հետ մեկտեղ կընդլայնվի այլընտրանքային պատիժների (պրոբացիայի) համակարգը։
Ինչո՞ւ են փակում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ները. Իշխանյանը` օպտիմալացման հետևանքների մասին
Դրա համար պրոբացիոն ծառայության բյուջեն 530-ից կդառնա 773 մլն դրամ։ Մասնավորապես, հսկողության տակ գտնվող անձանց համար գնվելու են էլեկտրոնային թևնոցներ, իսկ ծառայության է ընդունվելու 50 նոր աշխատակից։
«Կա նաև տարածքը՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի նախկին տարածքում, ու եթե մեզ հաջողվի այս ծրագիրը, այս նոր ՔԿՀ-ն լինելու է մոդելային: Ուզում ենք նոր ՔԿՀ ստեղծել, որտեղ գտնվելը, ինչ-որ իմաստով, կլինի օրհնություն, որովհետև այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ, բայց նաև կարող է որոշ ՔԿՀ-ներում գտնվողների համար լինի ավելի ցավալի, որովհետև, եթե իրենք ուզում են օրենք խախտել, իրենց չի հաջողվի», - ընդգծեց նախարարը:
ՔԿՀ–ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Անդրեասյան
Շինարարության հարցում աջակցություն կցուցաբերի Եվրամիությունը։ Այս օրինակով արդարատադության նախարարությունը նախատեսում է միավորել ևս երկու կամ երեք ՔԿՀ, բայց Անդրեասյանի խոսքով` չեն պատրաստվում բոլորին թողնել անգործ: Բացի այդ, 2022 թվականին նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Արմավիրի նոր բանտում (այստեղ ուզում են օդափոխման նոր համակարգ տեղադրել)։