ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը որոշել է համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու համար, դեռ չեն ընդունել»,– ասաց Անդրեասյանը։
Այս հիմնավորմամբ նա հրաժարվեց գնահատականներ տալ իր քաղաքական թիմակիցների, մասնավորապես՝ ԱԽ քարտուղարի հայտարարությանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի մասին։
«Ես գնահատականներ չեմ տալիս իմ թիմակիցների հայտարարություններին։ Եթե սխալ էլ լինեին, ես այդ մասին ձեզ չէի ասի, այլ կխոսեի թիմակիցներիս հետ: Եթե որևէ հայտարարություն անեին, որ համարեի դատապարտելի, կհեռանայի թիմից»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք` ԱԽ քարտուղարն ասել էր, որ Արման Թաթոյանն անաչառ չէ և քաղաքական հայտարարություններ է անում։ ՄԻՊ–ն այսօր ԱԽ քարտուղարի այս հայտարարությունը որակել էր որպես ՄԻՊ-ի ինստիտուտի անկախության նկատմամբ ոտնձգություն: