Ավշարում բոտուլիզմի դեպք է արձանագրվել․ թունավորվածի վիճակը ծանր է

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմով թունավորման մեկ դեպք։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն է: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է ծանր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Երևանում սննդային ծանր թունավորումից մարդ է մահացել
Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց։ Իսկ եթե օգտագործում եք այն, ապա դրանից առաջ պետք է ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե։
Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:
Թթու վարունգ են կերել ու հիվանդանոց տեղափոխվել. Արտենիսում բոտուլիզմի դեպք է արձանագրվել
Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դա հնարավոր չէ իրականացնել: