ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի կարող փորձագետ լինել խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով նախատեսվող նշանակումը։
Ավելի վաղ Armlur պարբերականը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչը նշանակվելու է փորձագետ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։
«Ինձ այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասել (Նազարյանը հանձնաժողովի անդամ է-խմբ.)։ Բայց Հովհաննիսյանը չի կարող փորձագետ աշխատել, քանի որ նա պատասխանող կողմ է։ Նա դեռ պետք է պատասխան տա իր ստերի համար։ Պատասխանող կողմը ոչ մի դեպքում չի կարող փորձագետ լինել»,-ասաց Նազարյանը։
Նրա խոսքով՝ փորձագետ նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս թեկնածուն պետք է ներկայացվի հանձնաժողովի անդամներին։ Բայց հիմա անհասկանալի գործընթաց է գնում՝ իշխանությունները փորձում են ինչ-որ հարցեր լուծել հանձնաժողովից դուրս։
Դա վերաբերում է և՛ փորձագետներին, և՛ 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող ապագա հանձնաժողովի կազմին։ Դա առանձին խնդիր է, որը ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են հրապարակավ բարձրացնել։
Նշենք, որ ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար և ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում են նպատակաուղղված ստի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ փաստերը թաքցնելու մեջ։