Եվրոպացիներին հուզող այս հարցը հատկապես հրատապ է հնչում այսօր, երբ երկու ղեկավարները հանդիպում են Լիոն քաղաքի մոտակայքում։ Ոմանք համոզված պնդում են՝ Մերկելին ընդհանրապես որևէ մեկը չի կարող փոխարինել։ Իսկապես, այդ կնոջ մասին, որը պաշտոնավարել է 16 տարի, շատերն ասում էին. «Նա ոչ միայն գերմանացիների, այլև բոլոր եվրոպացիների մաման էր, որը Դոնալդ Թրամփի օրոք նույնիսկ դարձավ լիբերալ Արևմուտքի վերջին պաշտպանը»։ Համաձայնե՛ք Ֆրանսիայի նախագահներից որևէ մեկին վերջին կես դարում որևէ մեկը «Եվրոպայիպապա» բնորոշումը չի տվել։
Ավելին, ինքը՝ Անգելա Մերկելը, կատակներ էր շռայլում Ֆրանսիայի առաջնորդների հասցեին։ Մասնավորապես, հաշվի առնելով Նիկոլա Սարկոզիի բավական արտառոց պահվածքը, Մերկելը նրան անվանում էր Միստր Բին և Լուի դե Ֆյունես։ Սակայն դրա հետ միասին Մերկելն անընդհատ փորձում էր հասկացնել Ֆրանսիայի նախագահին, որ շատ է կարևորում նրա քաղաքական դերը, մանավանդ եվրոճգնաժամի ընթացքում։ Եվ դա լրացուցիչ դիվիդենտներ էր բերում Մերկելին, որովհետև մարդիկ զգում էին՝ այս կինը իրեն ողջ Եվրոպայի լիդերի տեղ չի դնում, էնպիսի անսահման հավակնություններ չունի, ինչպես մի շարք այլ պետությունների առաջնորդներ։
Իսկ Մակրոնը փորձում էր խաղալ իր եւ Մերկելի տարբերությունների վրա։ Վերլուծաբանները նկատել են՝ Մերկելն այսքան տարի Եվրոպայի ապագայի իր տեսլականի մասին ընդհանրապես չի խոսել, այնինչ Մակրոնը, 2017 թվականին ելույթ ունենալով Փարիզի հնագույն համալսարանում՝ Սորբոնում, որքան էլ զարմանալի է, իր սեփական երկրին գրեթե չանդրադարձավ, փոխարենը նկարագրեց իր պատկերացրած ապագա Եվրոպան, առաջարկեց ստեղծել միասնական եվրոպական զինված ուժեր, ձեւավորել պաշտպանական ընդհանուր բյուջե, հիմնել հետախուզության Եվրոպական ակադեմիա։ Հայաստանցիներին պաշտպանության և անվտանգության հետ կապված այս հարցերը հաստատ կհետաքրքրեին, եվրոպացիներին այնքան էլ չհետաքրքրեցին։
Երբ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդը հարց էր ուղղել եվրոպացիներին, թե եթե գոյություն ունենար Եվրոպայի նախագահի պաշտոն, և միակ թեկնածուները լինեին Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը, դուք ո՞ւմ կընտրեիք, հարցվածների 41 տոկոսը տվել է Մերկելի ու միայն 14 տոկոսը՝ Մակրոնի անունը։ Եվ ամենահետաքրքիրը՝ իր հարազատ Ֆրանսիայում Մակրոնի օգտին արտահայտվել է ընդամենը 12 տոկոսը։ Այսինքն` նույնիսկ այդ երկրում գերադասել են հարևան պետության լիդերին։
Սա զարմանալի չէ։ Պատկերացրեք, որ ձեզ ընտրություն են առաջարկում ձեր ապագան գեղեցիկնկարագրողիև ձեր առօրյապրոբլեմներըկոնկրետլուծողի միջև, ո՞ւմ կընտրեիք։ Իսկ այն, որ Մերկելն ունակ էր հաջողությամբ կարգավորել տվյալ պահի ամենաբարդ հիմնախնդիրները, ակնհայտ է։ Դա շատ լավ երևաց եվրոյի ճգնաժամի օրերին, երբ հարավային Եվրոպայի որոշ երկրներ արդեն սպառնում էին դուրս գալ եվրոյի գոտուց եւ վերադառնալ նախկին ազգային տարադրամին։ Մերկելի ջանքերով հաջողվեց ի վերջո հաղթահարել ճգնաժամը, ինչի շնորհիվ նա ստացավ «Եվրամիությանգլխավորմենեջերի» տիտղոսը ։
Ուրեմն ինչ՝ Էմանուել Մակրոնը Եվրոպայում «երկրորդ Մերկելը» դառնալու որևէ շանս չունի՞։ Այս հարցին պատասխանելը բավական դժվար է թեկուզ այն պատճառով, որ Մակրոնի համար պահն է շատ հարմար։ Նախ, հենց Մերկելի հեռանալը կարող է շահեկան լինել նրա համար։ Երկրորդ, Եվրոպական միությունը լքում է ևս մի խոշոր խաղացող՝ Մեծ Բրիտանիան, որը կարող էր մրցակցել Ֆրանսիայի հետ և, վերջապես, հունվարի 1-ից Եվրամիությունում կես տարով նախագահելու է հենց Ֆրանսիան։
Եվրոպական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Չարլզ Գրանտը փաստում է. «Ով էլ դառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը, այդ գործչից ժամանակ կպահանջվի հեղինակություն ձեռք բերելու համար, այնպես որ, ես վստահ եմ՝ առաջիկա տարիներին մենք գործ կունենանք, այսպես ասած, «ֆրանսիական» Եվրամիության հետ»։
Էստեղ բայց շատ կարևոր, սկզբունքային հանգամանք կա՝ հաջորդ տարի Ֆրանսիայում պետք է կայանան նախագահական ընտրություններ։ Բա որ Էմանուել Մակրոնը նախագահ չվերընտրվի՞։