Անհետ կորածների հարազատները փակեցին ճանապարհը, ոստիկաններն ուժով բացեցին. վիճակը լարված է

ՀՀ կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ:
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատասխանատու կառույցների ղեկավարների հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը:

«Մենք խոսք ենք տվել, որ եթե մեզ չլսեն, անելու ենք անհնազանդության ակցիաներ։ Փողոցներն այնքան ժամանակ ենք փակ պահելու, մինչև որ մեր պահանջները բավարարեն»,–ասաց ծնողներից մեկը։

Որոշ ժամանակ անց ոստիկանությունը ուժ կիրառելով բացեց ճանապարհը։
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Սակայն դա երկար չտևեց, քանի որ ծնողները կրկին փակեցին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը:
Ոստիկանների հետ մոտ մեկ ժամ տևած բանակցությունների արդյունքում ծնողները համաձայնեցին բացել ճանապարհը, սակայն նրանց վարչապետի հետ հանդիպելու նրանց պահանջը չի փոխվում։
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Կառավարության տան դիմաց (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր ՀՀ վարչապետը խիստ գրաֆիկ ունի և մինչև երեկոյանը ժամը 21.00–ն հանդիպումների է։
Ծնողներն էլ իրենց հերթին վստահեցրին, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու։