Պետական համակարգի աշխատավարձերը պետք է բարձրացնել, բայց մինչ այդ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե վերջնարդյունքում ինչ ենք ուզում ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Արդեն 30 տարի է պետական համակարգի բարեփոխումների մասին ենք խոսում։ Պետք է հասկանանք պետական ծառայողը ինչ ֆունկցիա է կատարում, որքան է արդյունավետությունը, թե մեզ ինչքան աշխատող է պետք, դրանից հետո նոր հասկանանք` ով ինչքան աշխատավարձ պետք է ստանա, հասկանանք` կարող ենք լավ արդյունք ունենալ։ Հակառակ դեպքում նման փոփոխությունները մեծ հաշվով հանրային լրացուցիչ բարիք չեն տա»,- ասաց նա։
Առաքելյանի կարծիքով` ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար սահմանելու նախագծի հիմքում հենց այս առաջնահերթությունը պետք է սահմանել և ոչ թե, ասենք` կոռուպցիայի դեմ ազնիվ պայքարը։
«Խոսքը մոտավորապես 1000 դոլարի մասին է։ Ստացվում է` դատախազն ու իր տեղակալները կոռուպցիայի դեմ պայքարելու են կամ չեն պայքարելու 1000 դոլար ավել ստանալ- չստանալու համար»,- նշեց նախկին նախարարը։
Նրա կարծիքով` խնդիրը ո՛չպաշտոնյաներնեն, ոչ էլ աշխատավարձի չափը։ Այն ավելի խորքային է։ Պարբերաբար տարբեր ոլորտներում փորձ է արվում հատվածական լուծումներ տալ, նաև հատվածական հիմնավորումներ բերել։ Արդյունքում` ստացվում է, որ ամեն մեկն ինչքանով կարողանում է իր ոլորտի համար լրացուցիչ ֆինանսավորում է քաշում։
Առաքելյանի խոսքով` որպես ռազմավարական ուղղություններ առաջնահերթ պետք է բարձրացնել կրթության և առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը, քանի որ ցածր վարձատրության պատճառով այդ ոլորտները հետընթաց են արձանագրում և երիտասարդների շրջանում կորցնում են հետաքրքրությունը։
Նախկին պաշտոնյանառաջարկումէ, օրինակ, ուսուցիչների աշխատավարձի չափը մոտեցնել պատգամավորների աշխատավարձին և սահմանել 500.000 դրամ, որ երիտասարդները շահագրգռված լինեն այս ոլորտում կրթություն ստանալ, իսկ հետագայում որակյալ կադրեր պատրաստել։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է գլխավոր դատախազին և նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար հատկացնել։