ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության մարմինները հայտնաբերել և կանխել են պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ:
Նշվում է, որ այդպիսով նա խախտել է հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները։
Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
ԱԱԾ–ից շեշտում են, որ ազգային անվտանգության մարմինները նպատակաուղղված պայքարում են պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ ապօրինությունները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու, ինչպես նաև տնտեսական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: