Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել

Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով, տեղեկանում ենք e-gov.am հարթակից։
Հանձնաժողովը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը (համաձայնությամբ), Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը, և այլք։
Փաշինյանի որոշման համաձայն` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետք է հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա 20-օրյա ժամկետում համապատասխան առաջարկություն ներկայացնի վարչապետին:
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։