ՌԱԴԻՈ

Ծխախոտի արտադրության և արտահանման ծավալները կրճատվել են. ի՞նչ պետք է անի կառավարությունը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին և միտումներին։
Sputnik
Ծխախոտը ստեղծում է հավելյալ մեծ արդյունք, միջազգային շուկայում մրցունակ է և Հայաստանի նման երկրների պարագայում շատ հարմար ապրանք է, ունի փոքր ծավալ և մեծ արժեք, տրանսպորտային ծախսերն էլ համեմատաբար քիչ են, ուստի կառավարությունը պետք է գնահատի շուկայում առկա իրավիճակը և իրականացնի կոնկրետ քայլեր` ոլորտում անկման միտումը մեղմելու նպատակով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը
Նրա դիտարկմամբ` ծխախոտի արտադրությունը մեր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից է, 2019 թվականին մեր արտահանման շուրջ 10 տոկոսն ապահովում էր հենց ծխախոտի ոլորտը։ 2020 թվականի մարտից սկսեց ծխախոտի արտադրության և արտահանման ծավալների կրճատման գործընթաց, ինչը շարունակվում է նաև ընթացիկ տարում, և վերջին ութ ամիսների կտրվածքով ունենք 15,4 տոկոսի նվազում։
«Մեր հիմնական արտահանման շուկաները գտնվում են Միջին Արևելքում, դրանց թվում առանձնահատուկ տեղ են գրավում հատկապես Իրանն ու Իրաքը։ Ծխախոտի արտահանման շուրջ 70 տոկոսն ուղղվում էր դեպի Իրաք, սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արտահանումը դեպի այդ արաբական երկիր զգալիորեն կրճատվել է։ Հիմնական պատճառը համավարակային իրավիճակն է, ինչն էլ բերել է արտադրության ծավալների կրճատման և տվյալ ոլորտում տնտեսական ակտիվության նվազման»,– նշեց տնտեսագետը։
Քաղաքացին List.am-ով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿ
Պարսյանի կարծիքով` կան նաև այլ գործոններ, որոնք պայմանավորված են մեր տարածաշրջանի լոգիստիկ ու անվտանգային խնդիրներով։ Շատ կարևոր է նաև հումքի բաղադրիչը, որի մի մասն արտադրվում է տեղում, իսկ մյուս մասը՝ ներկրվում։ Տնտեսագետը հիշեցրեց` ՀՀ կառավարությունը 2021-26 թվականների գործունեության ծրագրում հայտարարել էր, որ մշակող արդյունաբերությունը պետք է կազմի մեր ՀՆԱ–ի 15 տոկոսը, բայց ակնհայտ է, որ ոչ միայն խոստումը չի կատարում, այլև նույնիսկ եղածը չի կարողանում պահպանել, և մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը նվազում է։
«Անհրաժեշտ է գտնել արտահանման նոր շուկաներ, լուծել հումքի և լոգիստիկ խնդիրը` հաշվի առնելով, որ Հայաստանի հարավում Որոտանի ճանապարհահատվածում տիրող իրավիճակը վտանգում է բեռնափոխադրումների գործընթացը, առավել ևս, որ մենք օգտվում ենք իրանական բեռնատարներից մեր ապրանքը երրորդ երկրներ արտահանելու համար։ Պետք չէ ամեն ինչ թողնել մասնավոր սեկտորի ուսերին»,– նշեց տնտեսագետը։
Ծխախոտի դեմ պայքարի օրն է. մարտի 15-ից ծխելն արգելվելու է հանրային սննդի օբյեկտներում
Պարսյանի տեղեկացմամբ` ակցիզային հարկերի մուտքերը վերջին ութ ամիսների կտրվածքով նույնպես նվազել են։ Եթե կառավարությունը ոլորտի ընկերություններին աջակցի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում, դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները, ապա ներսում կավելանան արտադրության ծավալները, առավել ևս, որ ծխախոտի առումով ներքին սպառումը Հայաստանում խնդրահարույց չէ և չի էլ եղել։
Նշենք, որ հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է։ Ըստ վիճակագրականն տվյալների` այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց:
Հավելենք, որ զուգահեռաբար կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանման, այլև ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները։