ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Ռոստելեկոմի» տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նա այլ մանրամասներ չհայտնեց։
Նշենք, որ «Լուրերը» զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ, որը հայտնել է` «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։
«Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- ասել է ՀԾԿՀ նախագահը։
Նրա խոսքով` այժմ գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց է ընթանում։
«Կառավարություն, ազգային անվտանգության ծառայություն, մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա»,–ասել է Բաղրամյանը։
ՀԾԿՀ-ից տեղեկացրել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանն է։ Sputnik Արմենիան փորձում է մեկնաբանություն ստանալ «Տաշիր» ընկերությունից։