ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով այսօր վերսկված լսումները հետաձգվեցին։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։
Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը՝ նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։
«Այսօր նախագահի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Այնուամենայնիվ, եթե դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին»,- ասաց Ալումյանը։
Հենց նիստի ընթացքում Ալումյանը ճշտեց, որ թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան՝ 17։30-18։00-ի սահմաններում։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի, թե կոնկրետ ինչ նախանշաններ են Քոչարյանի մոտ։ Պատասխանը ստանալուց հետո դատախազը նշեց, որ այլևս քննարկելու հարց չկա։
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Նախորդ նիստերից մեկին Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկ ներկայացնելու միջնորդություն էին ներկայացրել, որը սակայն հոկտեմբերի 26-ին մերժվել էր։