Նորակերտի համայնքապետի շուրջ 7 մլն դրամի հասցրած վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Նրան մեղադրանք է առաջադրվել համայնքի բյուջեն առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետությանը շուրջ 7 մլն դրամի վնաս է հասցրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ պատճառված վնասն արդեն վերականգնվել է և համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։
Չարաշահում, կաշառք, վատնում. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործի նախաքննությունն ավարտվել է
«Նորակերտ համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել։ Համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում»,- հայտնում են ՔԿ-ից։
Նորակերտի ղեկավարը տվյալ պաշտոնը զբաղեցրել է 2019 թվականից։ 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ»,- նշում են կառույցից։

Համայնքապետը գանձապահից՝ համայնքապետարան վճարվող շենք-շինությունների, հողի հարկերից, տեղական տուրքերի վճարներից գոյացած 1.182.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ նույնպես ստացել է։ Դրանք օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով։

Համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և կրկին օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնել կամ վատնել առանձնապես խոշոր չափերով), օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: