Միրզոյանը գերիների հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին (2 նոյեմբերի 2021թ․). Երևան
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին (2 նոյեմբերի 2021թ․). Երևան
Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:
Հիշեցնենք` Էրիկա Օլսոնը Հայաստան է ժամանել այսօր։ Նա այցելելու է նաև Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալը նոյեմբերի 2-4-ը մասնակցելու է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։