ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսային մեղադրանք է առաջադրվել Լեհաստանի սոցիալիստական հատուկ ծառայությունների հետ նրա համագործակցության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում։ Տեղեկությունը հայտնում է «ՌԳ»-ն։
Վալենսան հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին ու Facebook-ի իր էջում բացատրել է, թե ինչու. «Ես ինձ մեղավոր չեմ համարում այն գործողություններում, որոնց մեջ ինձ մեղադրում են։ Նման մեղադրանքները խայտառակություն եմ համարում: Սա հերթական կեղծ մեղադրանք է, հանրության աչքերում ինձ վարկաբեկելու փորձ։ Հույս ունեմ, որ մի օր նրանք, ովքեր հնարավոր դարձրին այդ խայտառակ մեղադրանքների առաջադրումը, պատասխանատվություն կկրեն դրա համար»։
Նրա խոսքերում ճշմարտություն կա։ Լեհաստանի նախկին նախագահի, լեգենդար «Համերաշխություն» կուսակցության առաջնորդի հետապնդումը սկզբունքային հարց է դարձել այսօր Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական գործիչների համար:
Դիտորդների կարծիքով՝ նրանք փորձում են լեհերին ապացուցել, որ իրենց կուսակցությունը Լեհաստանի պատմության մեջ առաջին կազմավորումն է, որը կապված չէ սոցիալիստական հատուկ ծառայությունների հետ: Հետևաբար, նրանց համար այնքան կարևոր է տեղեկացնել հանրությանը, որ Վալեսան Լեհական անվտանգության ծառայությունների գործակալ է։