Ինչպես կարելի է նվազեցնել ՃՏՊ–ների թիվը. Քեյանը մեկ ճանապարհ է տեսնում

«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանի ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներին։
Sputnik
Մենք ոչ մի բնագավառում, այդ թվում երթևեկության ոլորտում լուրջ արդյունքի չենք հասնի, եթե կրթական լուրջ հեղափոխություն չանենք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։

«Անվտանգության մակարդակը կարող ենք բարձրացնել, եթե քաղաքացիներին կրթենք, որպեսզի գիտակցեն երթևեկության կանոնների պահպանության անհրաժեշտությունը` անկախ նրանից` մարդը վարորդ է, թե հետիոտն։ Պարեկային ծառայությունը հսկող մարմին է, բայց նրա գործունեությունը կարևորելուց առաջ պետք է բարեփոխում իրականացնել, որովհետև լոկ ՃՏՊ–ներն արձանագրելով կամ վարչարարություն կիրառելով անվտանգության մակարդակը չենք բարձրացնի, մանավանդ որ վթարների քանակը տարեցտարի ավելանում է»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։

Քեյանի կարծիքով` ոչ մի ծառայություն չի կարող իրավիճակ փոխել, եթե քաղաքացիների չկրթվեն ու չփոխվի նրանց իրավագիտակցությունը, պատասխանատվության գիտակցումը։
Նրա խոսքով` պետք է ունենալ պատահարների հետ կապված կոնկրետ վերլուծություն, որպեսզի պարզ լինի, թե քանիսն են պայմանավորված մարդկային գործոնով, քանիսը` տեխնիկական։ Այդուհանդերձ, վթարների տեխնածին պատճառն ավելի ցցուն դրսևորվում է հատկապես մարզերում` կապված ճանապարհների որակի ու կահավորման հետ, բացի դրանից երթևեկության կանոնները չեն պահպանվում հատկապես վատ տեսանելիության պայմաններում։
Վթար Երևանի կենտրոնում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է
Նշենք, որ նոյեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ասել էր, որ ավտոտրանսպորտային պատահարների թվի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծածավալ մեքենա է ներկրվել ՀՀ։
Նրա խոսքով` մարզերում ՃՏՊ–ների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվում կա՛մ մեծ արագության, կա՛մ ճանապարհների վատ լուսավորության և անմխիթար վիճակի պատճառով։
Ոստիկանների պակաս կա. Ֆիդանյանը` Սյունիքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մասին