ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը «Սպուտնիկն» անվանել է 2021 թվականի բառ։ Տեղեկությունը հայտնել է գիտության գծով պրոռեկտոր, «Տարվա բառ» նախագծի գիտական ղեկավար Միխայիլ Օսադչին։
Ինստիտուտն ամեն տարի ամփոփում է «Տարվա բառ» հետազոտության արդյունքները։ Աղբյուրները ռուսալեզու ԶԼՄ-ների (ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան) տեքստերն ու սոցիալական ցանցերի հրապարակումներն են։
«Վերլուծության արդյունքներով՝ առաջին տեղում է «սպուտնիկ» բառը, այն 2021 թվականին սկսել են օգտագործել 9 անգամ ավելի հաճախ, քան նախկինում: Այս բառը սերտորեն կապված է ռուսական պատվաստանյութի անվան հետ, օգտագործման հաճախականության աճը պայմանավորված է արտասահմանում ռուսական պատվաստանյութի ճանաչման թեմաների լայն քննարկմամբ», — պարզաբանել է Օսադչին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Աֆղանստան» բառը։ Այն սկսել են 6,5 անգամ ավելի հաճախ օգտագործել։ Փորձագետի խոսքով՝ աճը պայմանավորված է այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների քննարկմամբ։
Երրորդ տեղը զբաղեցրել է «Հյուսիսային հոսք» բառակապակցությունը. դրա օգտագործման հաճախականությունն աճել է հինգ անգամ։ Չորրորդը՝ «մարդահամար» բառն է, իսկ հինգերորդը՝ «իմպիչմենտը»։
«Ցուցակը եզրափակում են այն բառերը, որոնք թեև 2021 թվականին մեր կողմից ճանաչվել են հանգուցային, բայց նախորդ չորս տարիների ֆոնին հաճախականության անկում են ցուցադրել, դրանք «ընտրություններ», «ոչ աշխատանքային» ու «մահացություն» բառերն են», - ավելացրել է Օսադչին:
Նա բացատրել է, որ «ընտրություններ» բառը 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ հաճախականությունների ռեկորդներ էր սահմանել։ Պարզվել է, որ ռուսալեզու հանրությունն այդ թեման քննարկել է ավելի ակտիվ, քան Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները։ Նման իրավիճակ է նաև «ոչ աշխատանքային» և «մահացություն» բառերի դեքում։