ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի պետական բյուջեի տնտեսական կանխատեսումներում հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքները ներառված չեն։
Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Հետևաբար, դրա մասին խոսակցություններն այս պահին ժամանակավրեպ են։ Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների և տնտեսության շահերը, մենք կկարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում»,– ասաց Քերոբյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Հիշեցնենք` խորհրդարանական հանձնաժողովներում հոկտեմբերի 25-ից մեկնարկել են 2022թ–ի բյուջեի նախագծի քննարկումները։ ԱԺ լիագումար նիստում փաստաթուղթը կքննարկվի 2021 թվականի նոյեմբերի 16-ից սկսած։