ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի -Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում անօդաչու թռչող սարքերի մշակման առաջին դպրոցական լաբորատորիան արդեն սկսել է սեփական մոդելները հավաքել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց լաբորատորիայի հրահանգիչ Շահեն Արաբաչյանը։
ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաները Հայաստանում գործում են արդեն մի քանի տարի։ Սկզբում այստեղ սովորեցնում էին միայն ծրագրավորման հիմունքները, հետո նաև՝ ինժեներիայի հիմունքներ (ռոբոտաշինություն, գծագրեր և տպագրություն 3D տպիչներով և ուսումնական խառատային հաստոցներով)։ ՀՀ-ում, Արցախում ու Ջավախքում գործող լաբորատորիաներին պետության աջակցությամբ սատարում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ընկերությունները:
Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաները
© Sputnik / Asatur Yesayants
Այս տարվա ամռանը բացվեց թռչող սարքերի առաջին լաբորատորիան։ Սկսել են ոչ թե Երևանից, այլ՝ Դիլիջանից, որտեղ այն գործում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։ Առաջիկա տարիներին նախատեսվում է բացել մի քանի տասնյակ նման լաբորատորիաներ՝ «Արմաթն օդում» անվանումով, UATE-ի մտահղացմամբ՝ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքում։ Դրանք այցելելու են դպրոցականները թե՛ քաղաքից, թե՛ մոտակա գյուղերից՝ նրանք, ովքեր արդեն ծանոթ են սովորական «Արմաթներին» կամ ինչ-որ կերպ հիմնական տեխնիկական գիտելիքներ են ձեռք բերել։
Դիլիջանի խմբակը մասնակցել է սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում անցկացված անօդաչու թռչող սարքերի մրցույթին ու այնտեղ 3-րդ տեղն է զբաղեցրել իր կատեգորիայում (ուսումնական խմբակների ու մասնագիտական ընկերությունների մոդելները, բնականաբար, առանձին-առանձին էին մրցում):
Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաները
© Sputnik / Asatur Yesayants
Աշակերտների սարքած ինքնաթիռի տիպի անօդաչու սարքը կարողացել է 11 րոպեում շուրջ մեկ կիլոմետր թռչել ու ճանաչել ծխի հինգ օջախներից չորսը մեկ հեկտար տարածքում:
«Հինգերորդ օջախը չկարողացանք գտնել միայն այն պատճառով, որ վերջին րոպեներին քամին կտրուկ ուժեղացավ, ու մենք ստիպված եղանք հետ ուղարկել անօդաչու թռչող սարքը, որ այն պատահաբար չկոտրվի»,- պարզաբանեց Արաբաչյանը:
Նա ավարտել է Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև աշխատել Ճամբարակի շրջանի Այգուտ գյուղի գյուղապետարանում, բայց երբ նրան առաջարկել են երեխաներին ֆիզիկա սւ ինժեներիա սովորեցնել, Շահենը ոչ մի րոպե չի երկմտել։ Այժմ նա շաբաթը երկու անգամ մեկնում է Դիլիջան՝ երկու ուղղությամբ 70 կմ անցնելով: Բայց պատրաստ է հարյուր կիլոմետր էլ անցնել, իմանալով, որ երեխաները նկարներով ու գծագրերով սպասում են իրենց «ընկեր Շահենին»։
Սկզբում երեխաները սովորում են հավաքել գործող մոդելները (լուսանկարում Believer մոդելն է), իսկ հետո, քայլ առ քայլ, սկսում են սեփական մոդելը նախագծել։ Ավելի ճիշտ, արդեն սկսվել են։ Առաջին մոդելը եղել է Su-27-ի պատճենը։ Ընդ որում, երեխաները ոչ միայն սարքել են ինքնաթիռի ուրվագիծն ու այնտեղ շարժիչը տեղադրել։ Արաբաչյանի ղեկավարությամբ նրանք սկսել են աերոդինամիկայի հիմունքները սովորել և հիմա գիտեն, թե ինչ է թևի ճակատային դիմադրությունը, ինչու են ինքնաթիռների թևերը տարբեր ձևի լինում, ինչու է պետք որոշել շարժիչի տեղադրման անկյունը և այլն։ Երեխաները գիտեն նաև էլեկտրական շարժիչների աշխատանքի սկզբունքը և դրանց տարբերությունները։
Վերջապես, նրանք ինքնուրույն կազմում են ինքնաթիռի կառավարման, ինչպես նաև դրա վրա տեղադրված՝ տեսախցիկից պատկերի փոխանցման ծրագիր։
Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի երեխաները
© Asatur Yesayants
«Եվ վերջապես, երեխաները կարողանում են ոչ միայն դետալներ նկարել, այլև պատրաստել դրանք։ Մենք դրա համար թվային խառատահաստոց ունենք», — ավելացրեց նա:
Այս պահին Դիլիջանի խմբակ են այցելում 14-17 տարեկան, այսինքն՝ 8-12-րդ դասարանների երեխաները։ Հիմնականում Դիլիջանից են, բայց Գոշ գյուղից էլ աշակերտ կա։
«Հնարավոր է՝ մեր մոդելները պրոֆեսիոնալ արտադրողների մոդելների պես չեն, բայց չորս ամսվա ընթացքում հավաքել սարքն ու դրանով մրցանակային տեղ զբաղեցնել, իսկ հետո զրոյից ստեղծել սեփական սարքն ու այն օդ բարձրացնել, համաձայնեք, այնքան էլ քիչ չէ դպրոցականների համար: Իսկ մի քանի տարի անց այդ տղաները բոլորովին այլ սարքեր կստեղծեն», - ասաց Շահենը։
Նշենք, որ «Արմաթն օդում» շարժմանն օգնում է «ամբողջ աշխարհը». նյութերն ու դետալները մատակարարում է երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի (UATE նախկին նախագահ) անվան հիմնադրամը, աշխատանքը համակարգում է Գյումրիի FlyLab կազմակերպությունը, իսկ խառատային հաստոցները տրամադրել է Գորիսի AugmentAr ընկերությունը: