Չի կարելի բուժհիմնարկի աշխատանքը խափանել. Շտապօգնության տնօրենը` բողոքի ակցիայի մասին

Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացնում է, որ շտապօգնության մեքենաների վարորդների բողոքի ակցիայից իրենց աշխատանքը չի տուժում։
«Մեր աշխատանքի վրա դա չի ազդում»,–ասաց նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են իրենց ցածր աշխատավարձից և պահանջում են վերանայել այն։
1232 նոր դեպք, 60 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Աշխատավարձի բարձրացման խնդիրը մենք քննարկել և ներկայացրել ենք, չենք անտեսել, ուղղակի դա ժամանակի հարց է։ Ասել ենք` հնարավորության դեպքում աշխատակազմի աշխատավարձը բարձրանա։ Հիմա պիտի սպասենք որոշմանը, բայց չգիտենք` երբ կլինի»,–ասաց Ստեփանյանը։

Անդրադառնալով վարորդների բողոքին, որ օրական 30-ից ավելի կանչ են սպասարկում և հիմա շատ ծանրաբեռնված են` Թագուհի Ստեփանյանը հիշեցրեց, որ ավելի ծանր օրեր էլ են եղել, և իրենք աշխատանքի ընդունվելուց իմացել են` ինչ ոլորտ է և ինչ ծանրաբեռնվածություն ունի։

«Չեմ ընդունում բուժհիմնարկի աշխատանքը նման ձևով խափանելը»,–ասաց պատասխանատուն։
Նա նշեց, որ բողոքի ակցիա իրականացնող վարորդներն այսօր հերթապահության մեջ չեն։