Անընդունելի է լարված իրավիճակում շտապօգնության վարորդների կողմից աշխատանքը դադարեցնելը. ԱՆ

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է շտապօգնության վարորդների բողոքի ակցիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր շտապօգնության վարորդների բողոքի ակցիային։
Չի կարելի բուժհիմնարկի աշխատանքը խափանել. Շտապօգնության տնօրենը` բողոքի ակցիայի մասին
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն այսօր բողոքի ակցիա իրականացրին։ Նրանք բողոքում են իրենց ցածր աշխատավարձից և պահանջում վերանայել այն։

«Առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը: Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հավելենք միայն, որ վարորդներն արդեն իսկ անցել են բնականոն աշխատանքի` հայտնելով, որ 10 օր կսպասեն, և եթե իրենց խնդրին լուծում չտրվի, նորից գործադուլ կանեն։