ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Եթե սահմանազատումն ու սահմանանշումն իրականացվի 20-ականների քարտեզով, Հայաստանն այդ գործընթացից շահող դուրս կգա։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Ես ոչ միայն տարածքային կառավարման նախարար եմ, այլև մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, շատ քարտեզների եմ ծանոթ,– ասաց Սանոսյանը, – 20-ականների քարտեզով, օրինակ, Ալ լճերը նշված են որպես Հայաստանի տարածք, այնպես որ այս մասով փոփոխությունները հօգուտ մեզ կլինեին: Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ լճերը»։
Սանոսյանը հստակեցրեց, որ իր հիշատակած լճերը գտնվում են Վարդենիս–Ջերմուկ հատվածում։
Իսկ թե իրականում որ քարտեզները հիմք կընդունվեն պայմանավորվածությունների արդյունքում, Սանոսյանը դժվարացավ ասել։
«Սպասենք, տեսնենք որ թվականի քարտեզները հիմք կընդունվեն։ Կարևոր է իրավական գործոնը, թե այս քարտեզները որ իրավական հիմքով են դարձել այդպիսին, և ըստ այդմ կտեսնենք, թե որ կողմում ինչ փոփոխություններ կլինեն։ Պարզ է, որ երկար ժամանակ մեր տարածաշրջանում նույնիսկ հարևան սովխոզների միջև որոշակի փաստաթղթեր են ստորագրվել, տարածքներ են հանձնվել` որպես արոտավայր` մի մասը նրան, մյուսը` սրան, որի արդյունքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել մի մասը` ի վնաս մեզ, մի մասը` գուցե հօգուտ։ Բայց սրանք իրավական պրոցեսներ են, որ պետք է կարգավորվեն»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը չբացառեց, որ սահմանազատման պրոցեսում հնարավոր է լինեն ցավոտ հետևանքներ, բայց և պնդեց, որ սահմանազատման ու սահմանանշման կարիք կա, ու դա անխուսափելի է։«Չի կարող ինչ–որ մեկն անվերջ ասել` սա մերն է սա նրանն է։ Մենք պետք է հստակեցնենք մեր երկրի սահմանները ու մեր առջև նպատակ դնենք այդ երկրի սահմաններում հզորանալ, զարգանալ»,– ասաց Սանոսյանը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էր` ՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ վստահ է` սահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։