Ովքեր կլինեն Չարչյանի առողջական վիճակը քննող փորձագետները. 5-ի անունները հայտնի են

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած կլինի 10 մասնագետից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ է հրավիրվել։ Չարչյանը ներկա չէ նիստին։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ այսօր կհաստատվի բժշկական հանձնաժողովի անդամները։ Ըստ այդմ` հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։
Բժիշկները փաստեցին, որ որևէ ազգակցական կապ չունեն պրոֆեսոր Չարչյանի հետ։
Դատավորը հայտնեց նաև, որ ևս 5 փորձագետների պետք է ընտրեն և նրանց ընդհանուր թիվը 10 կլինի։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց, որ Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը` որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Մենք քանիցս պնդել ենք, որ շաքարային դիաբետի այդ ծանր ձևը համատեղելի չէ կալանքի հետ»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներնուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։
Նա ևս մեկ անգամ պնդեց` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ուշանում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անգործության հետևանքով։ Ալեքսանյանը նշեց` ժամանակը գալու է, և բոլորն իրենց պատասխանատվությունը կրելու են, Ավանեսյանը` նույնպես։
Հավելենք, որ Չարչյանի գործով նիստը հետաձգվեց, քանի որ բոլոր փորձագետներին չէր հաջողվել ներկա լինել նիստին. հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 2-ին` 15։30-ին։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի մյուս 5 անդամներին հենց վաղը կընտրեն։
ՌԱԴԻՈ
ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։