ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ինչպես Գորիս–Կապան, այնպես էլ Տաթևի ավտոճանապարհի այն հատվածում, որն ադրբեջանական կողմն է վերահսկում, ՀՀ ոստիկանները քաղաքացիներին ուղեկցում են` ապահովելով նրանց անվտանգությունը։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` հավելելով, որ մանավանդ հիմա, երբ եղանակային պայմաններն անբարենպաստ են, ուղեկցումների թիվն ավելացել է։
«Ոչ միայն այդ հատվածում, այլ առհասարակ ոստիկանության ծառայողների թվաքանակի որոշակի խնդիր ունենք։ Սակայն այլ ծառայությունների ուժերի աջակցությամբ կարողանում են քաղաքացիների ուղեկցելը կազմակերպել և մինչ օրս որևէ էական խնդիր չենք ունեցել»,–ասաց Ֆիդանյանը։
Լրագրողները հիշեցրին, որ վերջերս ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական մի մեքենա, հարվածել դրան և փորձել վարորդին դուրս հանել մեքենայից, սակայն խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը հարթվել էր։ Ի պատասխան Ֆիդանյանը նշեց, որ իրականում տվյալ ավտոճանապարհին պետք է վերահսկում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։
Փոխոստիկանապետը հավելեց` կա պայմանավորվածություն, որ եթե ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքում ՃՏՊ է լինում, ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը. նման դեպքեր արդեն իսկ եղել են։
Հիշեցնենք` օգոստոսի վերջին ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։