Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանին. ի՞նչ ենք քննարկել նրանք

Թագուհի Թովմասյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին
Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարությունը, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ իր գլխավորած հանձնաժողովում արդեն 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր: Նա նաև ՌԴ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Ռուսաստանը միակն է, որ ծանրագույն շրջանում Հայաստանի մեջքին կանգնեց․ Կոպիրկին
Պատգամավորը բարձրաձայնել է Ադրբեջանի գլխավոր դատախազի այն հայտարարությունը, ըստ որի՝ այդ երկրում ՀՀ 320 քաղաքացու նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը, որպեսզի հետախուզման մեջ գտնվող հայերը տեղեկացված լինեն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի և դրանց հետևանքների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների արդյունավետ համագործակցությանը, Ռուսաստանում հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը, ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, Արցախի կարգավիճակին: Այս առումով կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Կոպիրկինի հետ. Օհանյանը մանրամասներ հայտնեց
Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսում է Հայաստանում ՌԴ քաղաքացիների ու ՌԴ-ում ապրող հայերի քաղաքացիության խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:
Դեսպանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համապատասխան մարմինների միջև առկա է կառուցողական փոխգործակցություն: